Կիրակի՝ 2022 թւականի յունիսի 19-ին, ՍՀԹ Թեմական խորհրդի որոշմամբ եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ներսէս Շնորհալի» գրադարանի աշխատակազմի, նոյն գրադարանի մուտքի մօտ տեղի ունեցաւ Կոստանդ Ջուղայեցու «Աշխարհաժողով» գրքի շնորհանդէսը:

Միջոցառմանը ներկայ էին թեմիս Առաջնորդ Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Պատգ. ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը, Պատգ. ժողովի «Ցկեանս պատւոյ անդամ» եւ աշխատանքի համակարգող Թաթուլ Օհանեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանը, Կրօնական խորհրդի փոխ-ատենապետ Տէր Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, ազգային մարմինների անդամներ, քահանայ հայրեր, Հայ Դատի յանձնախմբի, Հայոց ազգային դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները եւ համայնքիս անդամները:

Ներկաներին ողջունեց «Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը, այնուհետեւ անդրադարձաւ Կոստանդ Ջուղայեցու կենսագրականին, որտեղ ասւած էր. «Կոստանդ Ջուղայեղին առաջին հերթին յայտնի է վանքի դպրոցում անցկացրած իր առեւտրական դասընթացներով: Նախքան այդ  երիտասարդ Կոստանդը զբաղւել է վաճառականական գործունէութեամբ, որի հետքերը գոյութիւն ունեն Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի դիւանի ու Վենետիկի պետական արխիւի փաստաթղթերում: 1673 թւականին նա Ամստերդամից 259 միաւոր գրականութիւն է տեղափոխում Նոր Ջուղա, որը 17-րդ դարի համար դա հնատիպ գրքի հսկայական քանակ էր: 1683 թւականից սկսեալ վանքի դպրոցում ջուղայեցի երիտասարդների համար առեւտրական դասընթացներ է վարել: Եւ այդպէս շուրջ 20 տարի՝ մինչեւ իր մահը՝ 1702 թւականը: Կոստանդ Ջուղայեցին մեծ հեղինակութիւն է վայելել իր կեանքի վերջին տարիներին: Նոր Ջուղայում ընդօրինակւած հայերէն ձեռագրերում նրա անունը յիշատակւում է Դպրապետ պատւանունով»:

Հանդիսավարը շարունակելով իր խօսքն, ասաց. «Հայկական վաճառականութեան զարգացման գործում Նոր Ջուղայի հարուստ աւանդը աշխարհին առաւել ծանօթացնելու նպատակով, Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովը, 2019 թւականին որոշեց տպագրել Կոստանդ Ջուղայեցու «Աշխարհաժողով» գիրքը: Գործի համակարգումը վստահւեց նոյն ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանին, իսկ աշխատանքի կատարումը՝ գիտաշխատող Սարգիս Բալդարեանին: Այս գրքի ստեղծմանը՝ իրենց տրամադրած նիւթերով ու խորհրդատւութիւններով նպաստել են բազմաթիւ այլ անհատներ եւ հաստատութիւններ»:

Շարունակութեան մէջ ներկաները ունկնդրեցին գրքի հրատարակութիւնը երաշխաւորած՝ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի տնօրէն, գրքի խմբագիր, պատմական գիտութիւնների դոկտոր՝ Վահան Տէր Ղեւոնդեանի տեսապատգամը:

Նա իր խօսքերում մասնաւորապէս նշեց. «1980-ական թւականներից սկսեալ, Մաշտոցեան Մատենադարանի ժամանակի տնօրէն Լեւոն Խաչիկեանի նախաձեռնութեամբ հրատարակւել է «Տնտեսական պատմութեան վաւերագրեր» ընդհանուր խորագրով մի մատենաշար, որի մէջ է ներառւել  նաեւ «Աշխարհաժողով» գիրքը, որպէս այդ մատենաշարի 4-րդ հատոր, եւ այնպէս է ստացւել, որ մինչ այժմ հրատարակւած բոլոր հատորներն էլ այս կամ այն չափով կապւած են Նոր Ջուղայի առեւտրական ցանցի հետ»:

«Կոստանդ Ջուղայեցու այս գիրքը փաստօրէն դասագիրք է, որն իր ժամանակի համար մեծ առաջընթաց քայլ է եղել: Փաստօրէն Նոր Ջուղայի հայերը եւրոպական առաջադէմ շատ երկրներից աւելի վաղ հիմնել են վաճառականական դպրոց եւ օգտւել են այնպիսի ձեռնարկ-դասագրքեր, որոնցից է «Աշխարհաժողովը», աւելացրեց Վահան Տէր Ղեւոնդեանը:

Ծրագրի յաջորդ բաժնում, հաղորդավարի միջոցով ներկայացւեց Սարգիս Բալդարեանի կենսագրական գծերն ու գիտական գործունէութիւնը, որից յետոյ ներկաները ունկնդրեցին նրա տեսապատգամը:

«Այսօր հայ ընթերցողի սեղանին է դրւած մի աշխատութիւն, որը լոյս է սփռելու համաշխարհային համբաւ ունեցող Նոր Ջուղայի համայնքի պատմութեան վրայ եւ որը ցոյց է տալիս հայ ժողովրդի, մասնաւորապէս Նոր Ջուղայի հայութեան ներդրումն ու տնտեսական դերակատարութիւնը 17-18-րդ դարերի համաշխարհային պատմութեան մէջ», ասաց Սարգիս Բալդարեանը, այնուհետեւ ամփոփ ձեւով ներկայացրեց գրքի մասերն ու բովանդակութիւնը, խոստովանելով, որ այս աշխատութեան ստեղծման համար բարդ եւ մեծածաւալ հետազօտական աշխատանք է կատարել, որն անհնար կը լինէր աղբիւրագիտական լայնածաւալ ուսումնասիրութիւնների բացակայութեան պայմաններում:

Սարգիս Բալդարեանն իր պատգամն աւարտեց գրքի հրատարակութեանը աջակցած բոլոր դերակատարներին ուղղած շնորհակալական խօսքերով:

Երեկոյթին իր սրտի խօսքն ասաց գրքի հրատարակման գործում մեծ ներդրում ունեցած Թաթուլ Օհանեանը: Խօսելով գրքի գիտական արժէքի մասին նա ասաց. «Այսօր հոգեպէս ուրախ եմ, քանի որ ի վերջոյ իրականութիւն դարձաւ համաշխարհային արժէք ներկայացնող այս գրքի լոյս ընծայումը»:

Նա տեղեկութիւններ փոխանցեց գրքի բովանդակութեան մասին, նշեց. «Գիրքը բաղկացած է երեք մասերից: Առաջին մասը Կոստանդ Ջուղայեցու եւ «Աշխարհաժողով» խորագրով նրա վաճառականական դասագրքի մանրամասն ուսումնասիրութիւնն է: Երկրորդ մասում ներկայացւում է «Աշխարհաժողով»-ի գիտաքննական բնագիրը, որը պատրաստւել է 6 ձեռագիր ընդօրինակութիւնների համեմատութեամբ, իսկ երրորդ մասը՝ Կոստանդ Ջուղայեցու առեւտրական դասագրքում հանդիպող դժւարամատչելի, օտար բառերի ու հասկացութիւնների բառարանն է՝ մանրամասն բացատրութիւններով»:

««Աշխարհաժողով»-ը աշխարհի մասին տեղեկութիւնների ժողովածու է, որում՝ ըստ երկրների ու քաղաքների, ներկայացւած է այն ամբողջ տեղեկատւութիւնը, որ վաճառականները պարտաւոր էին իմանալ առեւտրական գործի մէջ յաջողութիւններ ունենալու համար», շարունակեց նա:

Պրն. Օհանեանն անդրադարձաւ նաեւ գրքի շարադրման ձեւաչափին եւ յատկապէս բարոյական ու առեւտրական խորհուրդներին, որոնց շնորհիւ ժամանակին ձեւաւորւել է վաճառականական էթիկա, եւ որից օգտւել են թէ՛ հայ եւ թէ՛ եւրոպացի վաճառականները:

Թաթուլ Օհանեանն իր ելոյթն եզրափակեց շնորհակալական խօսքերով եւ յոյս յայտնեց, որ յետագային եւս կը շարունակւի Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի մատենադարանում պահւող ձեռագրերի հրատարակչութեան գործը:

Ծրագրի յաջորդ բաժնում, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Պատգամաւորական ժողովի նախկին եւ ներկայ ատենապետներ Թաթուլ Օհանեանի ու Նոէլ Մինասեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի տեղի ունեցաւ գինեձօնի աւանդական արարողութիւնը:

Վերջում շնորհանդէսի մասնակիցներին իր օրհնութիւնն ու պատգամը փոխանցեց Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

«Կոստանդ Ջուղայեցին հայ վաճառականութեան հսկայ տիտաններից ու գլխաւոր առաքեալներից է: Նա ազգային բնագաւառում իր ներդրումն է ունեցել ոչ միայն այս արժէքաւոր բնագիրը աւանդ թողնելով, այլ նաեւ իր հարազատ զաւակին ընծայելով որպէս կաթողիկոս: Նրա անանձնական սէրը դէպի ազգն ու հայրենիքը խթան են հանդիսացել նւիրւել հանրութեան ծառայութեան», ընդգծեց Սրբազան Հայրը:

Նա անդրադառնալով գրքի խորագրին, ասաց. «Ըստ իս «Աշխարհաժողով» նշանակում է աշխարհը ժողովել մի բուռ, բայց ադամանդագին հողատարածքի մէջ, որը կոչւում է Նոր Ջուղա: Այս գրքի արտաքին տեսքը շատ պարզ է, սակայն երբ ընթերցողը խորանում է նրա բովանդակութեան մէջ, հասկանում է նրա իրական արժէքը: Նոյնը կարելի է ասել նաեւ Նոր Ջուղայի եւ Սպահանի հայոց թեմի մասին: Մեր թեմը շատերի համար թւում է մի պարզ շրջան, սակայն երբ ուսումնասիրում են նրա հարուստ անցեալը, անդրադառնում են նրա իմաստն ու արժէքը»:

Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը իր շնորհակալական խօսքն ուղղեց թեմի ազգային իշխանութեանը եւ Սարգիս Բալդարեանին, որոնց միջոցով այս գիրքը հասանելի դարձաւ հանրութեանը: Նաեւ շնորհակալութիւն յայտնեց Մաշտոցի անւան Մատենադարանի տնօրէնութեանն՝ այս հատորը «Տնտեսական պատմութեան վաւերագրեր» մատենաշարի շարքում ներառելու համար:

Շնորհանդէսի ընթացքում շնորհաշատ պարմանուհի Էմիլի Նաւասարդեանը դաշնամուրի միջոցով կատարեց Կոմիտասի «Կռունկ» եւ Առնօ Բաբաջանեանի «Էլեգիա» ստեղծագործութիւնները:

Հանդիսութեան աւարտին «Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատուն տեղեկացրեց, որ ստացել են գրքից սահմանափակ թւով օրինակներ, որոնք տրամադրւելու են Նոր Ջուղայում գործող գրադարաններին, իսկ եթէ կան այլ ցանկացողներ՝ գրքի տպագիր տարբերակը ստանալու համար, կարող են դիմել «Ներսէս Շնորհալի» գրադարան՝ իրենց պատւէրը գրանցելու համար: Նա յաւելեց, որ թողարկւել է նաեւ գրքի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է Ազգային առաջնորդարանի կայքի «Հրատարակութիւններ» բաժնում:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Երեքշաբթի՝ 2022 թւականի յունիսի 14-ին, թեմիս Առաջնորդ Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ընկերակցութեամբ Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետներ Վրէժ Տէր Մարտիրոսեանի ու Վարուժ Մովսիսեանի եւ Ն. Ջ. Հայոց ազգային դպրոցների տեսչութեան ու այլ պատասխանատուների, այցելեց Սպահանի Ուսումնադաստիարակչական 3-րդ շրջանի հիմնարկ:

Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը շնորհաւորելով եւ յաջողութիւն մաղթելով հիմնարկի նորանշանակ տնօրէն Սէյէդ Ահմադ Էմամիէին՝ իր առաքելութեան կատարման մէջ, յոյս յայտնեց, որ ինչպէս նախորդ տնօրէնների, նրա պաշտօնավարման ընթացքում եւս շարունակւելու են նոյն յարաբերութիւններն ու փոխգործակցութիւնը:

Սրբազան Հայրն անդրադառնալով Հայոց դպրոցների ոչ-շահադիտական կարգավիճակին եւ ուսուցիչներ վարձելու համար պահանջւող հսկայական բիւջէին, յոյս յայտնեց, որ հիմնարկը այս առումով օգտակար է հանդիսանալու Թեմական խորհրդին:

Սէյէդ Ահմադ Էմամիյէն շնորհակալութիւն յայտնելով պատւիրակութեանը՝ այցի առթիւ, վստահեցրեց, որ ինչպէս անցեալում, այսուհետ եւս շարունակւելու են գործնական լաւ յարաբերութիւններ՝ երկու կողմերի միջեւ:

 

Սպահանի հայոց թեմի

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

 

Սպահան նահանգի նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի պատւէրով եւ թեմիս Թեմական խորհրդի համագործակցութեամբ նկարահանւած «Նահատակ» վաւերագրական ֆիլմի առաջին ցուցադրումը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ 2022 թւականի յունիսի 15-ին, նոյն հիմնարկի ամֆիթատրոնում:

Ֆիլմի ցուցադրմանը ներկայ էին թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանը, Կրօնական խորհրդի անդամ Սաքօ Տէր Յովհաննիսեանը, Տէր Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը եւ Տէր Սահակ քհնյ. Մինասեանը, միութիւնների ու դպրոցների ներկայացուցիչները:

Սրբազան Հօրը եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը դիմաւորեցին հիմնարկի գլխաւոր տնօրէն Մասուդ Ահմադի Նիան եւ գեղարւեստական ղեկավար Սէյէդ Մոռթեզա Հոսէյնին:

Հայերէն լեզւով այս ֆիլմը ներկայացնում է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի Սպահանի հայ նահատակների կեանքն ու հերոսութիւնը:

Ֆիլմի դիտումից յետոյ, գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը շնորհակալութիւն յայտնեց նահանգի նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկին՝ այս գեղեցիկ մտայղացման համար: «Այս մեզ տարաւ հեռու անցեալ՝ մինչեւ պատերազմի օրերը՝ 1980-ականները, անդրադարձաւ Իրանի պաշտպանութեան գործում հայ նահատակների անձնազոհութեանն եւ նահատակութեանը, որոնք մեզ են պատգամում` սէր, հաւատարմութիւն եւ կապւածութիւն ծննդավայր հայրենիքին ու հողին», յաւելեց նա:

Ֆիլմի ռեժիսորն է Սայիդ Աֆսառին: Ֆիլմում նկարահանւել են՝ թեմիս Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Տէր Սահակ քհնյ. Մինասեանը, Ալբերտ սարկաւագ Ղազարեանը, Ս. Ամենափրկիչ Վանքի «Տաթեւ» երգչախմբի անդամները, նահատակ Հրաչ Յակոբեանի քոյր՝ Ասանէթ Յակոբեանը եւ նահատակ Ռայմոնդ Խաթուն Նեժադի եղբայր՝ Ռազմիկ Խաթուն Նեժադը:

Ֆիլմի ստեղծման գործում իրենց համագործակցութիւնն են ցուցաբերել համայնքիս անդամներ՝ Կարին Տէր Մարտիրոսեանը, Դրօ Տէր Մարտիրոսեանը, Արթին Քեշիշեանը, Արբի Բաբումեանը եւ Հայկ Խոսրովեանը:

Ֆիլմի ցուցադրման աւարտին, Սպահան նահանգի նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի կողմից, ձեռամբ Սրբազան Հօր եւ հիմնարկի տնօրէնների երախտագիտութեան եւ գնահատանքի գիր շնորհւեց ֆիլմի ստեղծագործական խմբին:

 

Հանրային կապ

Սպահանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի

 

 

Մանուկների պաշտպանութեան միջազգային օրւայ առիթով, չորեքշաբթի՝ յունիսի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բացօթեայ տարածքում իրականացւած՝ «Մանկական ուրախ ժամանց» միջոցառումն իր շուրջ էր համախմբել հայ համայնքի մանուկներին, ովքեր հաճելի եւ ուրախ մթնոլորտում վայելեցին երեկոյի կազմակերպիչ՝ նոյն միութեան Մշակութային միաւորի վարչութեան պատրաստած խաղերը եւ Սպահանի «Սանա» մանկական խաղերի կենտրոնի միջոցով իրականացւած խաղային ծրագիրը:

Ծրագրի մէկ այլ հետաքրքիր բաժնում երեխաները համտեսեցին «196 Գելատօ» պաղպաղակի խանութի անձնակազմի միջոցով տեղում պատրաստւած անուշահամ պաղպաղակները:

Կազմակերպւել էր նաեւ լուսանկարչական տաղաւար՝ Վանէ Արթունեանի համագործակցութեամբ:

Միջոցառման կազմակերպման եւ իրականացման աշխատանքներում իրենց համագործակցութիւնն էին բերել Մշակութային միաւորի «Գիտունիկի տնակ» բաժնի յանձնախումբը եւ Մշակութային միաւորի «Կռունկ» պարախմբի մի շարք անդամներ:

Երեկոն վարեց «Կռունկ» ասմունքի խմբի անդամուհի ՝Շաղիկ Մատթէոսեանը:

 

Թղթակից՝ Նոր Ջուղա

 

 

Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, ներկայութեամբ թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, կազմի անդամների եւ Ազգային առաջնորդարանի դիւանապետի, երեքշաբթի՝ յունիսի 7-ին, տեղի ունեցաւ գնահատանքի հանդիպում, որին հրաւիրւած էր 2022 թւականին Իրանի բասկետբոլի կանանց ազգային հաւաքականի անդամ ընտրւած Անայիս Խուդավերդեանը:

Նախ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանը կազմի անունից շնորհաւորեց Անայիսին՝ իր յաջողութեան համար, ընդգծելով այս ձեռքբերման կարեւորութիւնը թէ՛ Անայիսի եւ թէ՛ Նոր Ջուղայի հայ համայնքի համար:

Այնուհետեւ արտայայտւեց Սրբազան Հայրը, ով եւս շնորհաւորելով Անայիսի յաջողութիւնը, անդրադարձաւ նրա հետեւողականութեանը եւ ջանադիր աշխատանքին՝ իր երազանքը իրացնելու եւ այս մարզական յաջողութիւնը նւաճելու համար: Թեմակալ Առաջնորդը նշեց, որ սա այն բացառիկ առիթներից է, որով կարող է պարծենալ ոչ միայն Նոր Ջուղան, այլ նաեւ ամբողջ իրանահայութիւնը եւ սփիւռքի ու հայրենիքի ժողովուրդը:

Շարունակութեան մէջ արտայայտւեց Անայիսը: Նա շնորհակալութիւն յայտնելով Թեմական խորհրդին այս հանդիպման համար, ասաց. «Ինձ համար մեծ պատիւ է ընտրւել երկրի ազգային հաւաքականի անդամ: Այս յաջողութեանը հասել եմ բազմաթիւ դժւարութիւններով եւ երկարատեւ աշխատանքի արդիւնքում, որի համար երախտապարտ եմ իմ ծնողներին՝ նրանց անվերապահ աջակցութեան համար եւ յատկապէս տատիկիս, որը միշտ խրախուսել է ինձ եւ իմ կողքին է եղել բոլոր լաւ ու վատ պահերին»:

Հանդիպման ընթացքում զրոյց ծաւալւեց ազգային իշխանութեան կողմից հայ մարզիկներին տրամադրւող հնարաւորութիւնների եւ այդ ուղղութեամբ նրանց ակնկալիքների մասին: Այս կապակցութեամբ Անայիս Խուդավերդեանը նշեց, թէ Իրանի կանանց բասկետբոլի տարբեր լիգաներում կան մեծ թւով հայեր, որոնց իմի բերելով կարելի է ստեղծել հայկական սուպերլիգա, որը սակայն պահանջում է մեծ նիւթական ներդրում:

«Եթէ ազգային իշխանութիւնը հովանաւորի այս գործը եւ իրականութիւն դառնայ այս ցանկութիւնը, այն մեծ նւաճում է լինելու Իրանում՝ հայկական սպորտի բնագաւառում», յաւելեց նա:

Հանդիպման աւարտին ձեռամբ թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանի, ի խրախուսանք Անայիս Խուդավերդեանի ձեռք բերած յաջողութեան, նրան յանձնւեց գնահատագիր եւ նիւթական պարգեւ:

Ստորեւ ներկայացնում ենք Անայիս Խուդավերդեանի կենսագրականը:

Անայիս Խուդավերդեանը ծնւել է 1998 թւականին, Նոր Ջուղայում: 12 տարեկանից մասնակցել է Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բասկետբոլի խմբի մարզումներին եւ միեւնոյն ժամանակ անդամակցելով Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական դպրոցի բասկետբոլի խմբին, մասնակցել է միջ-դպրոցական մրցաշարերին:

Նա «Արարատ» միութեան բասկետբոլի խմբի հետ արձանագրել է մի շարք  յաջողութիւններ, որոնց շարքում կարելի է թւարկել Բ եւ Ա լիգայի առաջնութիւններում հերթաբար առաջին եւ երկրորդ տեղերին արժանանալը: Այնուհետեւ նոյն խմբի հետ մասնակցել է Բ սուպերլիգայի խաղերին, որտեղ «Արարատ»-ի խումբը գրաւել է չորրորդ տեղը: Սուպերլիգայի Ա եւ Բ կարգերի միատեղումից յետոյ, քանի որ այդ ժամանակաշրջանում «Արարատ» միութիւնը բասկետբոլի խումբ չի ունեցել, Անայիսն ընդգրկւել է Սպահանի «Նամինօ» խմբում: «Նամինօ»-ին միանալու առաջին տարւայ աւարտին խումբը յաջողում է գրաւել սուպերլիգայի երկրորդ տեղը, իսկ Անայիսը արժանանում է «Մրցաշրջանի յայտնութիւն» տիտղոսին:

Յաջորդ տարիներին անդամակցելով «Նամինօ», «Փալայէշէ նաֆթէ Աբադան» եւ «Շիմիդոռէ Ղոմ» խմբերին՝ սուպերլիգայում հերթաբար գրաւել է երրորդ, չորրորդ եւ առաջին տեղերը:

Անայիս Խուդավերդեանը երիտասարդական մակարդակում խաղալու պահից սկսած մասնակցել է երկրի կանանց երիտասարդական, մեծահասակների եւ երեք հոգանոց հաւաքականների ճամբարներին:  

Դրանով հանդերձ, որ մեծահասակների ազգային հաւաքականի կազմի անդամ ընտրւելն այնքան էլ դիւրին չէ, սակայն տաղանդաւոր երիտասարդուհին յաջողել է յաղթահարելով առկայ դժւարութիւնները, այս տարի ընդգրկւել այդ կազմում եւ մասնակցել Օմանում կայացած Արեւմտեան Ասիայի առաջնութեանը: Անայիսը «Շիմիդոռէ Ղոմ»-ի հետ մասնակցել է Արեւմտեան Ասիայի ակումբային գաւաթի, իսկ երկրի հաւաքականի հետ դարձեալ մասնակցելու է Արեւմտեան Ասիայի առաջնութեանը:

 

Հանրային կապ

Սպահանի հայոց թեմի Ազգ. Առաջնորդարանի

 

 

Վերջերս գումարւեց Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի 44-րդ Ընդհանուր ժողովը, որի արդիւնքում ընտրւեց վարչութեան նոր կազմ, հետեւեալ կարգով.

Վրդանէս Մկրտչեան՝ նախագահ

Արթին Մելիքեան՝ փոխ-նախագահ

Ֆրիդա Ալավերդեան՝ քարտուղար

Սոնիա Միրզաբէգեան՝ գանձապահ

Սոնիա Մկրտչեան՝ գոյքապահ.

Նորընտիր կազմն այս մասին Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանին իրազեկելու, ինչպէս նաեւ Սրբազան Հօր հայրական օրհնանքն ստանալու համար՝ այցելեց առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանք,  հինգշաբթի՝ յունիսի 2-ին:

Հանդիպման սկզբում Վրդանէս Մկրտչեանը զեկոյցով հանդէս եկաւ մասնաճիւղի 44-րդ Ընդհանուր ժողովի եւ նորընտիր վարչութեան առաջին նիստի ու պարտականութիւնների բաժանման շուրջ:

Նա յատկապէս ընդգծելով, որ կազմը միասնական ջանքերով լծւել է աշխատանքի, աւելացրեց, թէ այս ժամանակահատւածում հանդիպում են ունեցալ նաեւ Փերիոյ Կրթ. միութեան Կենտ վարչութեան հետ, որտեղ ջերմ մթնոլորտում փոխանակւել են տեսակէտներ եւ առաջարկներ զոյգ միութիւնների աշխատանքների վերելքի առնչութեամբ: Պրն. Մկրտչեանը նաեւ տեղեկացրեց, թէ նշւած հանդիպման ընթացքում զոյգ վարչութիւնները մեծ ցանկութիւն են յայտնել Թեմական խորհրդի կողմից իրենց տրամադրւած նոր կենտրոնատեղիի պաշտօնական բացումը կատարել գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի ձեռամբ, որն ընդառաջւեց Սրբազան Հօր կողմից:  

Այնուհետեւ Սրբազան Հայրն շնորհաւորանքի խօսք փոխանցելով նորընտիր կազմին՝ նրանց մաղթեց առաւել եռանդ՝ իրենց միութենական աշխատանքներում:

Ընթացքում միութենականները նաեւ բացատրութեամբ հանդէս եկան Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան հիմնադրման եւ տարիների գործունէութեան, ինչպէս նաեւ Թեհրանում իրականացւող Պատգամաւորական ժողովի մասին:

Մտքեր փոխանակւեց նաեւ միութեան շարքերում երիտասարդներ ներգրաււելու անհրաժեշտութեան մասին՝ ընդգծելով, որ վերջին ժամանակներում այս սերնդի նախասիրութիւնները մեծ փոփոխութիւններ են կրել:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Չորեքշաբթի՝ յունիսի 1-ին, Սպահանի Քաղաքապետարանի Մաշկութային բաժնի հրաւէրով, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տէր. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն այցելեց Սպահանի «Խաջու» կամրջի ժամանակաւոր վերաբացւած «Բիգլարբէյգի» կամ «Շահնեշին» կոչւող բաժինը:

Սրբազան Հօրը դիմաւորեցին Քաղաքապետարանի եւ Զբօսաշրջութեան հիմնարկի պատասխանատուները եւ համապարփակ բացատրութիւններ ներկայացրին վերաբացւած բաժնի ուղղութեամբ:

Թեմակալ Առաջնորդն այս այցելութեան առթիւ իր պատգամում այսպէս արտայայտւեց. «Այսօր իմ կեանքի ամենաբացառիկ եւ ամենայիշարժան օրերից մէկն է, որովհետեւ այցելել եմ «Խաջու» կամուրջը եւ վայելում եմ բնութեան ամենագեղեցիկ տեսարաններից մէկը: Ուրախ եմ ու հպարտ, առաջին հերթին այն պատճառով, որ կանգնել եմ մի պատմական կամուրջի վրայ, որի տակով հոսում է «Զայանդէռուդ»-ը, որը նշանակում է կեանք տւող, կեանք պարգեւող, իսկ երկրորդ հերթին՝ քանի որ ինձ առիթ է ընձեռւել մուտք գործել այնպիսի վայր, որն իրականութեան մէջ քչերին է բաժին հասնելու»:

«Երբ կանգնում ես կամրջի այս հատւածում, մի կողմից վայելում ես ջրի աղմուկը՝ դիտելով հորդառատ գետը, միւս կողմից՝ հանգիստն ու լռութիւնը՝ տեսնելով հանդարտ հոսող գետը, որն այս կամրջի կառուցման գլուխգործոցներից է», հիացմունքով աւելացրեց նա:

Սրբազան Հայրն իր արտայայտութիւնների աւարտին շնորհակալութիւն յայտնեց Սպահանի նահանգապետարանին, քաղաքապետարանին եւ բոլոր պատասխանատուներին այս հրաւէրի համար, բոլորին ցանկանալուվ առողջութիւն եւ արեւշատութիւն:

 

Հանրային կապ

Սպահանի հայոց թեմի Ազգ. Առաջնորդարանի

 

 

Տարեվերջի հանդէսով եզրափակւեց Ն. Ջ. հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի 2021-2022 ուսումնական տարեշրջանը, չորեքշաբթի՝ յունիսի 1-ին, հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ սաների հարազատների:

Ծրագրում, նախ բացման խօսքով ելոյթ ունեցաւ դպրոցի տնօրէն Քառոլին Դիլանչեանը: Նա սկզբում շնորհաւորանքի խօսք ասելով յունիսի 1-ի՝ Մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային տօնի առթիւ՝ փոքրիկներին մաղթեց երջանիկ մանկութիւն եւ փայլուն ապագայ: Այնուհետեւ իր խօսքի շարունակութեան մէջ մատնանշելով, որ անցնող տարեշրջանում երեխաները միայն 3-4 ամիս են սովորել դպրոցում, իսկ դրանից առաջ դասընթացներն եղել են հեռավար ձեւաչափով, աւելացրեց, որ այդ դժւարութիւններով հանդերձ կազմակերպել են այս աւարտական ձեռնարկը, քանի որ համոզւած են, թէ փոքր տարիքից սկսած մանուկները երգի, բանաստեղծութեան եւ թատրոնի միջոցով պիտի կապւեն իրենց ակունքներին եւ զգան իրենց ոսկեղնիկ մայրենի լեզւի քաղցրութիւնը:

Այնուհետեւ իրականացւեցին աշակերտական ելոյթները՝ երկու արարների ներքոյ: Առաջին վայրագոյրի ընթացքում մանկապարտէզի Կանաչ եւ Դեղին խմբակների սաները մարզական շարժումներով եւ արտասանութիւններով՝ ներկայացրին առողջ ապրելակերպի կարեւորութիւնը:

Երկրորդը նախակրթարանի սաների թատերական բեմադրութիւնն էր, որտեղ աշակերտները փնտռում էին այբուբենի կորած տառերը՝ արտասանելով ձայնաւորի, բաղաձայնի եւ կէտադրութեան նշանների կարեւորութեանն անդրադարձող բանաստեղծութիւններ:

Նախակրթարանցիներն իրենց ծրագրի աւարտին հայրենասիրական երգ կատարելով եւ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների դրօշները բեմ ներս բերելով՝ երդւեցին պահել ու պաշտպանել հայրենի հողն ու մայրենի լեզուն, ապա իրենց ելոյթը եզրափակեցին «Հրաժեշտ այբենարանին» երգով եւ աւարտական գլխարկների վեր նետումով:

Աշխոյժ եւ գունագեղ ելոյթներին յաջորդեց վկայականաբաշխման արարողութիւնը, որտեղ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանի են Թեմական ու Կրթական խորհուրդների ատենապետներ՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Վարուժ Մովսիսեանի, ինչպէս նաեւ դպրոցի տեսչուհու եւ պատկան ուսուցչուհիների միջոցով, սաները՝ խմբակ առ խմբակ, առանձնաբար ստացան իրենց վկայագրերը:

Ծրագրի աւարտին, գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին: Նա շնորհաւորելով Մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային տօնի առթիւ, առկայ դասընթացների վերսկսումը՝ դպրոցում սովորելու եւ խաղալու մանուկների կարեւորագոյն իրաւունքի վերստին ստացումը համարեց եւ աւելացրեց, որ դպրոցական խաղերն իրենց իմաստով, գեղեցկութեամբ եւ քաղցրութեամբ համեմատելի չեն որեւէ այլ խաղի հետ: Սրբազան հայրն իր խօսքի աւարտին շնորհակալական խօսքերով հանդէս եկաւ ուղղւած՝ ազգային մարմիններին, դպրոցի անձնակազմին, ծնողական խորհրդին ու ծնողներին՝ դպրոցի աշխատանքներում բարձր արդիւնք ապահովելու համար:

 

   Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Երեքշաբթի՝ մայիսի 31-ի առաւօտեան, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կենտրոնի սրահում, հանդիսութեամբ եզրափակւեց համայնքի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ տարրական վարժարանի 3-րդ աշխատանքային տարին՝  2021-2022 ուսումնական տարեշրջանը:

Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գեր. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանը, Կրթական խորհրդի եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան անդամներն ու վարժարանի անձնակազմը, սաներն ու նրանց ծնողները:

Սկզբում բացման խօսքն ասաց Կրթական խորհրդի անդամ եւ «Սրբոց Վարդանանց» վարժարանի տնօրէն Սաթենիկ Աւետումեանը: Նա սկզբում ասաց. «Թէեւ մեր կամքից անկախ հարկադրւած եղանք դասարանները կազմակերպել հեռավար ձեւաչափով, սակայն անձնակազմի ջանադիր աշխատանքի եւ ազգային մարմինների ու ծնողների համագործակցութեան շնորհիւ՝ բոլոր դասարաններում ապահովւեցին կրթութեան ու դաստիարակութեան բարձր մակարդակ»: Տկն. Աւետումեանը նաեւ անդրադառնալով աշակերտներին մատուցւած ազգային-կրօնական դաստիարակութեանը՝ աւելացրեց, թէ լիարժէք հայ սերունդ դաստիարակելը եղել է դպրոցի գերագոյն նպատակը:

Այնուհետեւ դպրոցի վեց սաները հերթաբար ելոյթ ունեցան խօսքերով եւ հայրենիքին ու մայրենի լեզւին ձօնւած բանաստեղծութիւնների արտասանութեամբ՝ հետեւեալ կարգով.

Աննա Շահբազեան՝ առաջին դասարան.

Անի Խոսրովեան եւ Ամարաս Թէյմուրեան՝ երրորդ դասարան.

Աննա Թորոսեան, Մելւին Մարկոսեան եւ Նարեկ Թորոսեան՝ հինգերորդ դասարան:

Յաջորդիւ Սրբազան հօր, քահանայ հօր, Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի, համայնքի վարչութեան անդամ Վիոլետ Թորոսեանի ու վարժարանի տնօրէնի եւ ուսուցիչների միջոցով սաների վկայագրերը, գնահատագրերն ու նւէրները յանձնւեցին իրենց:

Պաշտօնական բաժնի աւարտին գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին: Նա անդրադառնալով աշակերտական ելոյթների շարանում հնչած խօսքերին՝ Մեսրոպ Մաշտոցի միջոցով տառերի գիւտին եւ Վիկտոր Համբարձումեանի կտակին՝ այսպէս աւելացրեց. «Կարեւոր չէ մենք ինչքանով ենք յաջողել կամ որտեղ ենք հասել, կարեւորն այն է, որ ինչ ճանապարհ ենք գծում այս աշակերտների համար, որպէսզի նրանք այնքան առաւել հեշտ ընթանան իրենց կեանքի ճանապարհում եւ ապագայում մեզանից աւելի առաջ անցնելով, մեզանից աւելի լաւը լինեն: Եւ դա կը լինի մեր կրթա-դաստիարակչութեան առաքելութեան մեծագոյն յաջողութիւնը»: Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին շնորհակալական խօսք ասաց ազգային մարմիններին՝ ի մասնաւորի Կրթական խորհրդին, դպրոցի տնօրէնութեանն ու անձնակազմին՝ անձնազոհաբար աշխատանքի լծւելու համար:

Յատկանշական է, որ պաշտօնական բաժնի աւարտին՝  հիւրասիրութեան ժամանակ, ներկաները՝ սկսած ազգային մարմինների ներկայացուցիչներից մինչեւ ծնողները, արտայայտեցին իրենց սրտի խօսքը:

 

  Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Կիրակի՝ մայիսի 29-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եկեղեցում, Կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, իրականացւեց հոգեհանգստեան պաշտօն, ի յիշատակ 1918 թւականի Մայիսի 28-ի գոյամարտին նահատակւած հերոսների:

Արարողութեան աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն աղօթք բարձրացրեց առ բարձրեալն Աստւած՝ Մայիսեան քաջամարտիկների հոգիների խաղաղութեան համար, ապա յատուկ շնորհաւորանքի խօսք ուղղեց թեմի ազգային մարմիններին եւ ժողովրդին՝ այս պանծալի առիթի 104-ամեակի առթիւ: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը նաեւ իր եւ թեմի ժողովականութեան եւ ժողովրդի անունից շնորհաւորանքի խօսք ուղղեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին՝ իր անւանակոչութեան տօնի կապակցութեամբ:

Պաշտօնին ներկայ էին շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամ Թաթուլ Օհանեանը, Կրօնական խորհրդի անդամ Սաքօ Տէր-Յովհաննիսեանը, Հայաստանից հրաւիրւած պատմաբան, Հայ Դատի փորձագէտ ու քաղաքական գործիչ Հրաչ Թադէոսեանը եւ ժողովուրդ:

 

  Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ-Ապարանի հերոսամարտերի յաղթանակներով պսակւած Հայաստանի Հանրապետութեան 104-ամեակի առիթով, շաբաթ՝ մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում տեղի ունեցաւ ժողովրդական տօնախմբութիւն:

Միջոցառումն սկիզբ առաւ՝ դրօշի արարողութեամբ, Հանրապետական մաղթանքով, որն իրականացւեց նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի եւ ի հարկէ ՀՀ հիմնի ունկնդրութեամբ:

Այնուհետեւ արտայայտւեց երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանը, որից մի հատւած մէջբերում ենք.

«Ցեղասպանութիւնից փրկւած, յուսալքւած ու կոտրւած ժողովուրդն ուղղեց իր մէջքը. արտայայտեց անկոտրում կամք. ելաւ գոյապայքարի եւ ոչ միայն ապրեց, ոչ միայն փրկւեց, այլեւ ստեղծեց պետութիւն: Իսկ այսօր մեր ազգային ամենամեծ ու ամենաիմաստալից տօներից մէկը նշում ենք ճգնաժամային պայմաններումՈւզում են մեզանից խլել մեր յաղթանակները, տապալել մեր վաղեմի երազանքները եւ ոչնչացնել սեփական հողի վրայ մեր ապրելու յոյսն ու իրաւունքը: Չի ստացւելու, թոյլ չենք տալու, քանզի մենք ժառանգորդներն ենք Արամի, Դրոյի ու Նժդեհի»:

Շարունակութեան մէջ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, թեմի Պատգ. ժողովի դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Նոէլ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանն ու Զաւէն Սիմոնեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը, օրւայ բանախօս Հայաստանից հրաւիրւած պատմաբան, Հայ Դատի փորձագէտ ու քաղաքական գործիչ Հրաչ Թադէոսեանը եւ Պատգ. ժողովի ցկեանս պատւոյ անդամ Թաթուլ Օհանեանն ընդունեցին աւանդոյթ դարձած շքերթ-տողանցքը, մասնակցութեամբ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների, հայոց ազգ. դպրոցների պատասխանատուների եւ աշակերտութեան, ինչպէս նաեւ ՀՀ հիմնադրման 104-ամեակի կազմակերպիչ յանձնախմբի:

Այնուհետեւ բանախօսական ելոյթ ծաւալեց Հրաչ Թադէոսեանը: Նա պատմական ակնարկ ունենալով 1918 թւականի հերոսամարտին, եւ յատկապէս նշելով ժողովրդի զանազան շերտերի մասնակցութիւնն այս գոյապայքարին, աւելացրեց, թէ Մայիսի 28-ին Հայաստանի արեւելեան գաւառներում Հայաստանի Հանրապետութեան հռչակումը, պատմական եւ քաղաքական իմաստներով կարեւոր նշանակութեամբ իրադարձութիւն էր, քանի որ այն օրերին դրւած հիմքերի ու ստեղծւած նախադրեալների կարեւորութիւնն զգացւում է առ այսօր:

Նա շեշտեց նաեւ, որ Մայիս 28-ի խորհուրդը Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում հիմնականում պահպանւել է սփիւռքի ազգային մարմինների, դպրոցների, միութիւնների եւ ազգի նւիրեալ զաւակների ջանքերի շնորհիւ՝ որպէս սրբալոյս պատգամ, ապա փոխանցւելով հայրենիք, դարձել ողջ հայ ժողովրդի սեփականութիւնը:

Պրն. Թադէոսեանն իր խօսքի երկրորդ բաժնում հերթաբար մատնանշելով վերջին տարիներին տարածաշրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով իրենց դիրքերն ամրապնդելու եւ ազդեցութիւնն ընդարձակելու համար կատարւած գործողութիւնները, 2018 թւականից Հայաստանում ձեւաւորւած իշխանութիւնների հրաժարւելը ազգային-պետական ուղեգծից եւ նրանց իրագործումները ժողովրդի պառակտման եւ երկրի ու բանակի թուլացման ուղղութեամբ, յատկապէս շեշտեց. «Մեր երկիրը լուրջ փորձութիւնների առջեւ է կանգնած: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու Հայաստանի ներկայ իշխանութեան մօտեցումը, յղի է նոր սպառնալիքներով թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Արցախի հանրապետութիւնների համար»:

Նա անդրադառնալով Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում  «Դիմադրութեան շարժման» անհնազանդութեան գործողութիւններին եւ այն փաստին, որ մինչեւ այսօր այդ շարժմանը միացել են պետականութեան եւ անկախութեան արժէքը գիտակցող բազմաթիւ հայրենակիցներ, աւելացրեց, որ առկայ ճգնաժամի հանգուցալուծման նախընտրելի տարբերակը՝ օրւայ իշխանութեան արագ եւ անցնցում հեռացումը եւ ազգային համաձայնութեան ժամանակաւոր կառավարութեան ձեւաւորումն է:

Պաշտօնական բաժնի եզրափակիչ ելոյթը հանդիսացաւ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր հայրական օրհնանքը:

Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը նշելով, որ Մայիս 28-ի գաղափարի մէջ ներառւած են՝ հայրենիք, ազգ, ժողովուրդ, պետականութիւն, հանրապետութիւն, ինքնիշխանութիւն, ազատութիւն, անդորրութիւն եւ բարգաւաճում հասկացողութիւնները, աւելացրեց, թէ 104 տարիներ առաջ այս բոլորը ձեռք բերեցինք՝ վճարելով ամենասուղ գինը, սակայն այսօր՝ մէկ դար անց, գտնւում ենք՝ մտատանջութեան, շփոթի, վախի, անել կացութեան եւ անորոշութեան մէջ, քանզի 2020 թւականից հայ ժողովուրդը դիմագրաւում է երկու համաճարակ՝ առաջինը աշխարհատարած Կովիդ 19-ն էր, իսկ երկրորդը՝ Արցախեան 44-օրեայ պատերազմն ու դրա հետեւանքները:

Սրբազան Հայրն անդրադառնալով Արցախեան պատերազմից յետոյ հայրենի զոյգ հանրապետութիւններում դիմագրաւելիք ռազմական, քաղաքական եւ դիւանագիտական խնդիրներին, յոյս յայտնեց, որ ինչպէս աշխարհն ականատեսն է Կովիդ 19-ի մայրամուտի, մեր ազգը նոյնպէս ականատեսը կը լինի ոչ թէ «խաղաղութեան դարաշրջան»-ի, այլ յաղթանակի դարաշրջանի՝ մեր միջից ախտը վանելու եւ մեր հոգե-մտաւոր աշխարհը առողջացնելու համար:

Նա իր խօսքի աւարտին Մայիսեան հերոսամարտին նւիրւած աւանդական մաղթանքին աւելացնելով իր նախադասութիւնը, այսպէս արտասանեց. «Փառք Մայիս 28-ը կերտողներին եւ ամօթ այն չպահպանողներին»:

Ծրագրի պաշտօնական բաժնին յաջորդեցին գեղարւեստական կատարումները, ուր ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ հանդէս եկան Հայաստանից ժամանած ազգագարական երգերի կատարող Դաւիթ Յակոբեանը եւ համայնքիս տաղանդաւոր երգիչներ Վանա Շիրւանեանն ու Հարմա Կարապետեանը:

Երգերի շարանի աւարտին տեղի ունեցաւ ֆլեշմոբ, որտեղ բոլոր ներկաները ձայնակցեցին Վանայի ու Հարմայի միջոցով կատարւող «Զարթնիր լաօ» երգին, իսկ Հ.Յ.Դ. «Թադէոս Թանդէոսեան» պատանեկան միութեան անդամները ձեռքերի վրայ վեր բարձրացրին Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների դրօշները:

Տօնախմբութիւնը եզարափակւեց հրավառութեամբ:

 

  Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Հինգշաբթի՝ մայիսի 26-ի առաւօտեան, Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եւ Սնկերտ գիւղի «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում: Սնկերտ գիւղի Պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ  գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Այս եկեղեցու պատարագիչ հայրն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Օրւայ առթիւ քարոզը տրւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով: Նա «Գործք առաքելոց» գրքի սկզբնական բաժնում տեղ գտած Քրիստոսի Համբարձման դրւագը բնաբան ունենալով, յատկապէս անդրադարձաւ երկու լուսազգեստներին, ովքեր Քրիստոսի երկինք բարձրանալուց յետոյ, առաքեալներին երեւացին եւ ասացին. «Ով գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում էք երկնքին, այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացաւ, մի օր դարձեալ կը գայ՝ այնպէս ինչպէս տեսաք նրա երկինք գնալը»:

Նա իր խօսքի աւարտին յատկապէս ընդգծելով Համբարձման տօնի պատգամն՝ ասաց. «Կը գայ մի օր, երբ մենք պիտի կանգնենք Աստծոյ դատաստանի առջեւ. այդ օրը պէտք է քննւի մեր կեանքի ամբողջ ընթացքը՝ մեր գործերը, խօսքերն ու մտածումները: Ի՞նչ պատասխան ենք տալու: Այն ժամանակ կարո՞ղ ենք ընտրւել ընտրեալների խմբում եւ սրբերի ու հրեշտակների փաղանգին մաս կազմե՞լ: Մեզ է մնում, երբ տակաւին շնչում եւ ապրում ենք, պէտք է կայացնենք որոշումը՝ մեր կեանքի ընթացքը ճշտելու համար: Կամ կը բռնենք մեղքի ճանապարհը՝ դատապարտութեանը հասնելու համար, կամ էլ փոխելով մեր ընթացքը, կընտրենք աստւածահաճոյ ընթացքը եւ կը կանգնենք Քրիստոսի աջ կողմը»:

Արարողութեանը ներկայ էին՝ թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Սնկերտ գիւղի «Ս. Ստեփանոս» եկեղեցու վարչութեան անդամները եւ ժողովուրդ:

Հոգեպարար արարողութեան աւարտին, դաշտագնացութեան աւանդոյթի համաձայն, հաւատացեալները տօնը նշեցին բնութեան գրկում:

 

  Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Հայ մատաղ սերնդին առաւել չափով թանգարանային մշակոյթին հաղորդ դարձնելու նպատակով, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրէնութեան եւ անձնակազմի նախաձեռնութեամբ, Թանգարանների միջազգային օրւայ առթիւ իրականացւեց Նոր Ջուղայի հայոց ազգագրական թանգարանի ուղեվարների մրցութային միոջցառումը, չորեքշաբթի՝ մայիսի 18-ին, վերոնշեալ թանգարանում, որը գտնւում է Նոր Ջուղայի «Ս. Ամենափրկիչ» վանքում:

Մրցոյթի մասնակից եօթ աշակերտներն իրենց պատմութեան ուսուցչուհի Կարին Տէր-Մարտիրոսեանի ուղեկցութեամբ նախապէս այցելել էին Ազգագրական թանգարան, որտեղ ծանօթանալով զանազան կրպակներին, ընտրել էին իրենց նախասիրած բաժինը եւ զբաղւել պատկան ցուցանմուշների ուսումնասիրութեամբ:

Մրցոյթի ձեւի համաձայն, մասնակիցներն առանձնաբար բացատրութեամբ հանդէս եկան իրենց ընտրած կրպակների ցուցանմուշների մասին, ապա ելոյթները գնահատւեցին իրաւարար կազմի անդամներ՝ «Քանանեան-Կատարինեան» դպրոցի բարեկամ, ճարտարապետ Նայիրի Այւազեանի, «Ս. Ամենափրկիչ» վանքի թանգարանների արհեստավարժ ուղեվար Արլետ Հայրապետեանի եւ Ազգագրական թանգարանի գործադիր յանձնախմբի անդամ եւ զբօսաշրջութեան ոլորտում աշխատող Արգին Աբնուսեանի կողմից. վերջում մասնակիցները լաւագոյնը ճանաչւեցին հետեւեալ անւանակարգերում.

Էմիլի Նաւասարդանի՝ բարեհամբոյր ուղեվար

Էմին Բարսեղեան՝ թեմային լաւագոյնս տիապետող ուղեվար

Թանիա Յովսէփեան՝ թեման գեղեցիկ մատուցող ուղեվար

Վահագն Մինասեան՝ գիտակ ուղեվար

Դանիթա Ղազարեան՝ ճարտասան եւ մարմնի լեզւից օգտւող ուղեվար

Սէրլի Շահմիրզայեան՝ պրոֆեսիոնալ մատուցում

Էմմի Մկրտչեան՝ բծախնդիր նիւթի ճշգրիտ փոխանցման գործում

Գնահատագրերը յանձնեցին «Քանանեան-Կատարինեան» դպրոցի տնօրէն Կարինէ Մինասեանը, փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանը եւ ուսուցչուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը:   

Յատկանշական է, որ աշակերտների բացատրութիւնները ունկնդրեցին նաեւ թանգարանի այցելուները, ովքեր բարձր գնահատեցին պատանիների կարողականութիւնը բովանդակալից տեղեկութիւնների մատուցման գործում:

 

  Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Չորեքշաբթի՝ մայիսի 18-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Ամենափրկիչ» վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, եպիսկոպոսական Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի:

Օրւայ քարոզում պատարագիչ Սրբազան Հայրը նշեց, որ այս օրւանից ուղիղ 25 տարի առաջ, Անթիլիասի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» մայր տաճարի Ս. խորանի առջեւ իբրեւ սարկաւագ ծնկի է եկել եւ իբրեւ կուսակրօն ձեռնադրւել, ուխտելով իր վրայ վերցնել Քրիստոսի քաղցր լուծը: Նա աւելացրեց, թէ  հայ ժողովրդի համար այս օրհասական օրերին, չցանկանալով իր ձեռնադրութեան 25-ամեակը նշել հանդիսութեամբ եւ ճոխութեան ներքոյ, գերադասել է այս առիթով մատուցել Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին աղօթեց առ Աստւած, որպէսզի Բարձրեալն օրհնի հայ ժողովրդին՝ սկսեալ Հայաստանից ու Արցախից մինչեւ Սփիւռքի զանազան համայնքներ՝ պարգեւելով խաղաղութիւն, բարեբեր կեանք եւ պայծառ ապագայ:

Պատարագին ներկայ էին թեմի ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ա. վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

  Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ֆուտբոլի յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ մայիսի 6-ին, ազգային գերեզմանատանը կից ֆուտբոլի դաշտում տեղի ունեցան ընկերական մրցոյթներ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ «Փայամէ Ֆաջր» տղայոց մանկա-պատանեկան չորս խմբերի միջեւ:

Բացման ծրագրում Դւին Յովհաննիսեանի միջոցով ընթերցւեց Հայոց Ցեղսապանութեան իրողութեանն անդրադարձող պարսկերէն խօսք, ապա մրցոյթների մեկնարկը տրւեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի միջոցով գնդակի խորհրդանշական նետումով:

Այնուհետեւ տեղի ունեցան երկու մրցոյթներ՝ հետեւեալ արդիւնքներով.

Պատանեկան բաժին՝

«Արարատ» 3-«Փայամէ Ֆաջր» 1

Մանկական բաժին՝

«Փայամէ Ֆաջր» 3-«Արարատ» 1

Աւարտին ձեռամբ Թեմական խորհրդի անդամներ՝ Սարմէն Մինասեանի եւ Լորիս Նաւասարդանի, 107-ամեակի Ոգեկոչման յանձնախմբի նախագահ Հրաչ Տէր-Յովհաննիսեանի, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան անդամ Անդրէ Քալանթար Օհանեանի եւ նոյն միութեան Ֆուտբոլի յանձնախմբի անդամներ՝ Յովիկ Աւետեանի ու Երւանդ Աբրամեանի, բոլոր մասնակիցներին եւ խմբերի պատասխանատուներին շնորհւեցին մեդալներ ու գնահատագրեր:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ մայիսի 6-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, իրականացւեց լուսաբանական հանդիպում՝ Հայաստանի եւ Արցախի վերջին իրադարձութիւնների վերաբերեալ, բանախօսութեամբ ազգային-հասարակական գործիչ Թաթուլ Օհանեանի:

Խօսքի սկզբնական բաժնում բանախօսը հանդէս եկաւ տեղեկութիւնների փոխանցմամբ՝ պատմական Հայաստանի 10-րդ նահանգի՝ Արցախի պատմական անցեալի եւ աշխարհագրական դիրքի մասին, սկսած Քրիստոսի ծնունդից առաջ՝ Ուրարտական պետութիւնից մինչեւ մերօրեայ ժամանակաշրջանը: Նա, ի մասնաւորի, կարեւորութեամբ ընդգծեց Սովետական իշխանութեան օրօք, Ստալինի հայատեաց որոշման պատճառով Արցախը Ադրբեջանին կցւելու փաստը:

Այնուհետեւ բանախօսը նշելով Սովետական միութեան նախկին հանրապետութիւնների մէջ տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնները եւ դրանց բացասական հետեւանքները՝ պատկան ժողովուրդների եւ պետութիւնների համար, անդրադարձ ունեցաւ նաեւ 2018 թւականին Հայաստանում իրականացւած թաւշեայ յեղափոխութեանը, ընդգծելով, որ Հայաստանի յեղափոխութիւնը միայն կանգ առաւ նախկին թալանողներին բացայայտելու եւ պատժելու խնդրի վրայ, որն այդպէս էլ տեղի չունեցաւ՝ յստակ փաստեր չունենալու պատճառով:

Պրն. Օհանեանն իր խօսքի շարունակութեան մէջ նշեց Փաշինեանի խոստումների եւ գործելաոճի մէջ եղած ահռելի հակասութիւնները եւ յատկապէս «Խաղաղութեան դարաշրջան» անւան ներքոյ թշնամու կողմից հայութեանը պարտադրւող հայրենակործան պահանջները, ապա անդրադառնալով վերջին օրերի ընթացքում Հայաստանի բնակչութեան լայն շերտերի կողմից Երեւանում եւ զանազան մարզերում իրականացւող խաղաղ անհնազանդութեան բողոքի գործողութիւններին, դատապարտեց երկրի ուժային կառոյցների բռնարար վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ:

Բանախօսութիւնից յետոյ էկրանի վրայ ցուցադրւեց տեսանիւթ, որով լուսարձակի տակ առնւեց Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում ժողովրդին խաբելու նպատակով ՀՀ իշխանութեան՝ ի մասնաւորի Նիկոլ Փաշինեանի կողմից կատարւած յայտարարութիւններն ու գործողութիւնները, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ հակասական խոստումներն ու իրագործումները, ապա տեղի ունեցաւ ստորագրահաւաք, որտեղ ներկաներն իրենց ստորագրութեամբ դատապարտեցին Հայաստանում խաղաղ ցուցարարներին բռնութեան ենթարկելը եւ նրանց նկատմամբ բիրտ ու անհամաչափ ուժի գործադրումը. նշւած գրութիւնը փոխանցւելու է Իրանում ՀՀ դեսպան Արսէն Աւագեանին:

Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայոց դպրոցների ու միութիւնների անդամները եւ ժողովուրդ:

Երեկոն վարեց Գեղարդ Մանսուրեանը:

Հանդիպման աւարտին ժողովուրդն ինքնաբուխ կերպով համախմբւեց «Արարատ» միութեան բակում եւ միաձայն երգեց «Զարթնի՛ր լաօ» երգը:

Նշելի է, որ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան նախաձեռնութեամբ, օրւայ առթիւ պատրաստւել էին խորհրդանշական սթիքերներ, որոնք փակցւում էին իւրաքանչիւր մասնակցի կրծքին, իսկ նախատեսւել էր նկարահանման վայր, որտեղ ցանկացողները լուսանկարւում էին Արցախի Հանրապետութեան դրօշի եւ օրւան առնչւող լոզունգներով պաստառների կողքին՝ ի զօրակցութիւն հայրենիքում ընդվզած բազմահազար հայրենակիցների:   

 

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի նւիրւած տղայոց մանկա-պատանեկան բասկետբոլի քառակողմ մրցաշարը եզրափակւեց շաբաթ՝ ապրիլի 30-ի երեկոյեան, հետեւեալ մրցոյթներով.

«Գոլնուռ» 80-«Զոբ Ահան» 70

«Արարատ» 87-«Սեփահան Թոզի» 60

Իսկ ընդհանուր եռօրեայ մրցոյթների արդիւնքում առաջին տեղն զբաղեցրեց «Գոլնուռ»-ը, երկրորդ հանդիսացաւ՝ «Արարատ»-ը, իսկ միասնաբար երրորդ տեղը գրաւեցին «Զոբ Ահան»-ը եւ «Սեփահան Թոզի»-ը:

Վերջում ձեռամբ 107-ամեակի Ոգեկոչման յանձնախմբի նախագահ Հրաչ Տէր-Յովհաննիսեանի, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, «Սեփահան Թոզի» ակումբի նախագահ պրն. Գիահիի եւ «Արարատ» միութեան Մարզական միաւորի անդամ Արթուր Գրիգորեանի, բոլոր մարզիկներին եւ խմբերի պատասխանատուներին շնորհւեցին մեդալներ եւ գնահատագրեր:

Փակման ծրագիրը հանիսավարեց Դւին Յովհաննիսեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Ուրբաթ՝ ապրիլի 29-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, որտեղ հանգիստ են առել 17-րդ դարում հաւատքի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի աճիւնները, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի, արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը:

Աւարտին թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրն անդրադառնալով նահատակ Գրիգորի կենսագրականին, յատկապէս քրիստոնէութեան ճանապարհին նահատակութեանը, ընդգծեց. «Սրբի կեանքը մեզ գլխաւորապէս պատգամում է, որ կարեւոր չէ, թէ մարդիկ ու դէպքերն ինչպիսի ձեւով են ներկայանում մեզ, այլ կարեւորն այն է, որ մենք չխաբւենք մարդկանցից, դէպքերից ու իրադարձութիւններից եւ փորձենք ճանաչել ամէն ինչը իր իսկութեան մէջ, ապա ըստ դրա որոշենք մեր անելիքները»:

Վերջում ուխտաւորներն աղօթեցին, մոմ վառեցին եւ խունկ ծխեցին նահատակի գերեզմանի վրայ:

Արարողութեանը ներկայ էին նաեւ թեմի Պատգամաւորական ժողովում Փերիոյ շրջանի պատգամաւոր Ջանի Նազարեանը եւ Կրօնական խորհրդի ատենապետ Ջաւէն Սիմոնեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մարզական միաւորի համագործակցութեամբ, կազմակերպւել է տղայոց բասկետբոլի քառակողմ մրցաշար՝ մասնակցութեամբ՝ «Արարատ», «Զոբ Ահան», «Գոլնուռ» եւ «Սեփահան Թոզի» մանկա-պատանեկան խմբերի:  

Մրցաշարի բացման արարողութիւնը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ ապրիլի 27-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, ուր բարիգալստեան եւ Հայոց Ցեղասպանութեան իրողութեանն անդրադարձող պարսկերէն խօսքերով արտայայտւեցին ծրագրի հաղորդավար Դւին Յովհաննիսեանն ու Ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչ Զարեհ Ղարախանեանը: Հանդիսատեսից բացի ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Թեմական խորհրդի անդամ Նահապետ Մելիքեանը եւ «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան անդամները:

Այնուհետեւ մրցաշարն սկիզբ առաւ թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր միջոցով գնդակի խորհրդանշական նետումով:

Արդէն իսկ իրականացւել են եռօրեայ այս մրցաշարի երկու օրերի մրցումները, որոնց արդիւնքներն ստորեւ ներկայացնում ենք.

Չորեքշաբթի՝ ապրիլի 27

«Գոլնուռ» 70-«Սեփահան Թոզի» 69

«Արարատ» 65-«Զոբ Ահան» 54

Հինգշաբթի՝ ապրիլի 28

«Զոբ Ահան» 59-«Սեփահան Թոզի» 51

«Գոլնուռ» 92-«Արարատ» 88

Շաբաթ՝ ապրիլի 30-ի երեկոյեան տեղի կունենան եւս երկու մրցոյթներ, որոնցով կը եզրափակւի Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակին նւիրւած այս մրցաշարը:

Թղթակից (Նոր Ջուղա)